ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Օր օրի մեծանում է երկրագնդի կրիտիկական ռեսուրսների խժռման արագությունը

Օր օրի մեծանում է երկրագնդի կրիտիկական ռեսուրսների խժռման արագությունը
30.11.2024 | 08:56

Մարդկանց թվի աճի և դրա հետ կապված քաղաքակրթական իմաստով հագեցման հասած երկրագնդի վերջավոր հնարավորությունների ֆոնի վրա նորովի է դրվում մարդկության պրոգրեսի կամ առաջընթացի խորքային իմաստի ու դրա հնարավոր մեկնաբանումների հարցը։

Նման հարցերի անալիզի նպատակներով հարմար է օգտագործել քաղաքակրթական մակարդակ հասկացությունը, որը բնութագրվում է իր մեծությամբ ու փոփոխման արագությամբ։

Հնուց ի վեր, սկսած վաղնջական ժամանակներից, քաղաքակրթական դինամիկան կառավարվել է մարդկանց ձգտումով դեպի կյանքի ավելի ու ավելի բարգավաճ հարատևումն ու շարունակականությունը՝ ռեսուրսների ու դրանց էֆեկտիվ ու ռացիոնալ օգտագործման համար մրցակցային պայքարում։

Մարդկության պատմության ընթացքում նման մրցակցության բովանդակային առանցքը միշտ եղել է ինովացիայի կամ տեխնոլոգիական նորացումների պրոցեսը անվտանգության և սննդի ապահովման նպատակով, որի արդյունքն էլ եղել է երկրագնդի վրա մարդկանց թվի ավելի ու ավելի արագացող աճը։

Քանի որ մրցակցային պայքարում մարդկային ռեսուրսը եղել է ամենակարևորը հզորության ապահովման գործում, ապա մարդկանց թվի աճը միշտ էլ խրախուսվել է, մի տենդենց, որը դեռ շարունակում է ուժի մեջ մնալ նաև ներկայում։

Մարդկության զարգացման էվոլյուցիոն պրոցեսն ինքը ուղեկցվել է տարբեր մասշտաբի հեղափոխական փոփոխություններով, ներառյալ, զինատեսակների ու գործիքների հայտնագործումը, վայրի կենդանիների ընտանիացումն ու փողի հայտնագործումը, իշխանավորների մեծագործությունները սերունդների համար ֆիքսելու ու հաղորդակցության նպատակներով տարբեր տեսակի գրերի հայտնագործումը և այլն։

Մարդկության պատմության կարևորագույն հայտնագործություններից մեկը փողի ստեղծումն ու դրա էվոլյուցիան էր, որն իր զարգացման սկզբնական շրջանում զուտ կյանքի լավացման միջոց էր, բայց իշխանավորներից բացի նաև առանձին մարդկանց մոտ փողի կուտակվելու հատկությունը աստճանաբար նրան կյանքի միջոցից դարձրեց կյանքի նպատակ, քանի որ պարզվեց, որ շատ փողը իր հզորությամբ մեծ իշխանությանը համարժեք է։

Բացի դրանից, պարզվեց նաև, որ փողն ունի նաև մի եզակի հատկություն, այն է, որ փողը փող է շինում, և այսպես ծնվեց վաշխառուական կապիտալը, որն էլ սկսեց խառնվել նաև պետական մեծ գործերին՝ արշավանքների ֆինանսավորման, կռիվների ժամանակ սննդի մատակարարման և այլ տեսքերով։

Փողի փող շինելու հատկությունը ավելի վճռական ուժ դարձավ կապիտալիզմի շրջանում, երբ փողն իր իշխանությամբ կարողացավ հասնել մասնավոր սեփականության անձեռնմխելիության սկզբունքի հաստատմանը, որը շատ ավելի լայնացրեց արդեն կապիտալ դարձած փողի ազդեցության սֆերան, քանի որ նրա հզորությունը հավասար կամ, նույնիսկ, ավելին էր իշխանությունների հզորությունից։

Այս հանգամանքն ունեցավ շրջադարձային նշանակություն մարդկային պատմության համար, քանի որ փողային համակարգի ներսում սկսվեց զուտ փողային բնույթի մրցակցային պրոցես՝ ով ումից շատ ունի դրանից սկզբունքով։

Մի մրցակցային պրոցես, որը համաճարակի նման տարածվեց ամբողջ աշխարհում, ընդհուպ մինչև ավտորիտար բնույթի ուժեղ ու թույլ երկրների իշխանների ու իշխանիկների միջավայրը։

Եվ որտեղ էլ լինի այդ փողային ու հարստության համար մրցակցային ինքնանպատակ պրոցեսը, այն բոլորին պատկանող կենսական ռեսուրսների հաշվին է, որը կապիտալի տոտալ իշխանության անմիջական հետևանքն է։

Այդ է պատճառը նաև, որ օր օրի երկրագնդի կրիտիկական ռեսուրսների խժռման արագությունը մեծանում է, որը մարդկային քաղաքակրթությունը ուղիղ գծով տանում է դեպի գլոբալ ճգնաժամ։

Այս իմաստով այսօրվա հզոր տեխնոլոգիական առաջընթացը մերկապարանոց ու ինքնանպատակ փող կուտակելու միջոց է, որը որևէ ձևով պետք է առնվազն դանդաղեցվի, քանի որ այս ընթացքը մարդկության համար տուպիկային է։

Նույն իմաստով նաև տուպիկային է մարդկանց թվի անզուսպ աճը մեր մոլորակի վրա, որը, մրցակցային պայքարում որոշիչ հանգամանք լինելով հանդերձ, աստիճանաբար մարդկության համար վերածվում է վտանգներով լի մեծ գլխացավանքի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ